Մարտի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց ՎիվաՍել-ՄՏՍ։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ջերմորեն ողջունելով ԱԻ նախարարին, նրա գլխավորած պատվիրակությանը ուղեկցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր հարկաբաժիններով, ծանոթացրեց կազմակերպության տեխնիկական հնարավորություններին, աշխատանքի կազմակերպման և անվտանգության ապահովման սկզբունքներին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
ԱԻՆ ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացրեց արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման ուղղությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարած աշխատանքը։ Շենքն ամբողջությամբ զինված էր հրդեհային պաշտպանության նորագույն և դասական համակարգերով։ Միջանցքներում փակցված էին տարհանման քարտեզներ, իսկ սլաքներով ցուցանակներն աշխատակիցներին հուշում էին շենքից դուրս գալու ապահով ճանապարհները։ Ընկերության գրեթե բոլոր սարքավորումներն ունեն կրկնորդ, որը հիմնական սարքի խափանման դեպքում կարող է ապահովել համակարգի շարունակական աշխատանքը, իսկ բջջային հեռախոսների կայանների վրա տեղադրված են կայծակից պաշտպանության համակարգեր։ Ցանկացած նոր սարքավորում ձեռք բերելիս հաշվի են առնվում նաև շենքային պայմանները, հատակի դիմացկունությունը և այլն։
Այցի ավարտին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ չափազանց տպավորված ու ոգևորված է տեսածով։ «Սա լուրջ խթան է, որպեսզի մենք շարունակենք սովորել ու կատարելագործվել»,- ասաց պարոն Երիցյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն այցելել էր արտակարգ իրավիճակների նախարարություն և, բարձր գնահատելով նախարարության առաքելությունը, խոստացել էր ամենայն աջակցություն ցուցաբերել տեղեկատվության կառավարման ոլորտում։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
[oqeygallery id=91]