«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ ոչ մի հարցում չի ձախողվել` Հայ ազգային կոնգրեսից բացի։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ միայն Կոնգրեսն էր իր առջեւ կոնկրետ խնդիր դրել` արտահերթ ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, եւ չի կարողացել լուծել այդ խնդիրը, այսինքն` իսկապես ձախողվել է։ Իսկ մյուս ուժերն իրենց առջեւ որեւէ կոնկրետ խնդիր չէին էլ դրել, հետեւաբար` չեն էլ ձախողվել։ Ասենք, հո չե՞ս գնա Դաշնակցությանը հարցնես, թե «ներեցեք, ինչպե՞ս է ընթանում Ստամբուլն արյան ծով դարձնելու ժամանակացույցը, հո գրաֆիկից հետ չե՞նք ընկնում»։ «Հանրապետականների մասին ընդհանրապես չենք խոսում, որովհետեւ նրանք ոչ միայն չեն ձախողվել, այլեւ փայլուն են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը։ Վերջին հաշվով` նրանց նպատակը Հայաստանում ինչ-որ պրոբլեմներ լուծելը չէր, նրանց նպատակը ցանկացած գնով իշխանությունը պահելն ու երկիրը թալանելն էր, եւ նրանք այդ խնդիրը լուծել են», – պնդում է թերթը։