ՀՀ նախագահն այդ մասին ասել է` փետրվարի 6-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին արված հայտարարության մեջ:
“Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաեւ ս.թ. մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան”, – ասել է ՀՀ նախագահը:
“Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Մեր բարեփոխումների իրականացման ուղղությամբ որոշակի ծրագրեր մշակելու գործում առաջնորդվում ենք նաեւ այդ սկզբունքով”, – ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը շեշտել է, որ “ԵՄ հետ մեր քաղաքական երկխոսության հիմնական տարրը մեր ներքին բարեփոխումների եւ եվրոպական օրակարգի համադրումն է` որպես մեկ միասնական ամբողջություն”:
“Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս”, – նշել է Հայաստանի ղեկավարը: