Այսօր՝ մայիսի 5–ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 1.30 –ի սահմաններում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ռուբեն Սիմոնյանը, վարելով «Ռաֆ» մակնիշի 08 ՏՕ 963 համարանիշի ավտոմեքենան Երևան–Սևան ավտոճանապարհի 43.5 կմ–ում դեպի Երևան ընթանալիս Լեռնանիստ գյուղ տանող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջ հատվածի արգելապատնեշներին և մոտ 10 մ բարձրությունից ընկել է կամրջից ներքև։ Վթարի հետևանքով Ռ Սիմոնյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը։ Քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վթարի հիմնական պատճառը եղել է այն, որ կամրջի վրա և կամուրջ հասնող ճանապարհը անբարեկարգ վիճակում է և, հավանաբար, վարորդը փորձել է շրջանցել հսկայական փոսերը, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել։