«Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադարձել է երեկ կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած թվերին։ «Բանից պարզվում է` ամեն ինչ հրաշալի է։ Գնաճ համարյա չկա, տնտեսությունն աճել է 7.2 տոկոսով, արդյունաբերության աճն ընդհանրապես ֆանտաստիկ է` 15.3 տոկոս, հարկահավաքման պլանը գերակատարվել է կես միլիարդ դրամով, բյուջեի դեֆիցիտն ավելի փոքր է, քան կանխատեսվում էր եւ այլն։ Բայց սա պաշտոնական Հայաստանն է», – գրում է թերթը` շարունակելով. – «Նախօրեին Ավանում ծեծկռտուք է տեղի ունեցել, եւ 5 համարի երթուղային տաքսու վարորդներից մեկը «պասաժիր փախցնելու համար» սպանել է նույն երթուղու մեկ այլ վարորդի։ Ծեծկռտուքի պատճառն ըստ էության մի քանի հարյուր դրամն է եղել, բայց խնդիրը հենց այն է, որ երթուղայինի վարորդն օրական հենց մի քանի հարյուր դրամ է տուն տանում, ու «պասաժիր է փախցնում», որպեսզի այդ օրը իր երեխաներն ուտելու հաց ունենան։ Մյուսն էլ գիտի, որ եթե թույլ տա «պասաժիր փախցնել»` այդ օրը ի՛ր երեխաներն են առանց հացի մնալու։ Սա արդեն իրական Հայաստանն է»։