Հիշեցնելով, որ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե իշխանության հանդուրժողականությունը զրո է, քանի որ իշխանությունը բոլորից պահանջում է ասել, թե ամեն ինչ լավ է, արտագաղթ չկա, տնտեսական աճ կա եւ այլն, «Առավոտ»-ի խմբագիրը հակադարձում է․ – «Անկախ նրանից, արդյոք նրա գլխին գործ սարքում են, թե չէ, այդ պնդումները ճշգրտման կարիք ունեն։ Եթե համեմատելու լինենք Ֆրանսիայի կամ թեկուզ Էստոնիայի հետ, ապա այո, զրո է։ Եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ, ապա պլյուս 1 է։ Շատ պարզ պատճառով․ իր արտգործնախարար լինելու տարիներին, մասնավորապես 2002-ի ապրիլին «Ա1պլյուս»-ը փակելուց հետո չկար մի հեռուստաընկերություն, որտեղ հանիրավի հետապնդվող ընդդիմադիր քաղաքական գործիչը կարող էր գնալ եւ ուղիղ եթերում բողոքել այդ հետապնդումից։ Հիմա առնվազն «Կենտրոնը» եւ «Երկիր Մեդիան» այդպիսի հեռուստաընկերություններ են։ Ավելին, երբ «Ա1պլյուս»-ը փակվեց, վերեւից ստիպեցին բոլոր հեռուստաընկերություններին եւ մի շարք այլ լրատվամիջոցների հայտարարել, որ Հայաստանում խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում։ Դա կարելի է սեւ հումոր համարել»։