Այսօր՝ հունիսի 18-ին Ոստիկանությունը հայտնաբերել է Գյումրիում 77-ամյա կնոջ սպանությունը իրականացնողին։ Երեկ՝ հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրիի շատպբուժօգնության կենտրոնից Ոստիկանության Գյումրու բաժին հայտնել են, որ Լալայան փողոցի տնակներից մեկից մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել մեծահասակ մի կնոջ, ով սակայն հիվանդանոցում մահացել է։
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության գյումրու բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ մահացածը 77-ամյա Ռոզա Խաչատրյանն էր։
Գ. Շամշյանը հայտնում է, որ դատական բժշկի տված եզրակացության համաձայն՝ մահվան պատճառը եղել է այն, որ նրա կրծքավանդակի և որովայնի մասերում եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ սուր կտրող–ծակող գործիքի հարվածների հետևանքով։
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 05.00–ի սահմաններում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ–քննչական միջոցառումներ , օպերատիվ տվյալներ են ստանում, որ հունիսի 17-ին ժամը 21.00-ի սահմաններում Լալայան փողոցի 123 տնակի մոտ Գյումրու բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ռ. Խաչատրյանին։ Լուսաբացին Ոստիկանությունը հայտնաբերում է Հ. Հարությունյանին , ով այս պահին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Գյումրու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։