Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի և նույն բաժնի քննչական բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հունիսի 28-ին, Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում 50-ամյա Մարգարիտ Հովհաննիսյանին սպանած անձին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձը սպանվածի եղբայրն էր՝ 49-ամյա Ռոման Հովհաննիսյանը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը նրան հայտնաբերել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի (թաղապետարան) վարչական շենքի հարևանությամբ գտնվող այգում` գիշերը 00.30-ի սահմաններում:
Քննիչի որոշմամբ Ռ. Հովհաննիսյանը ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն) հատկանիշներով:
Ինչպես երեկ դեպքի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, ժամը 18.30–ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում մահացած կնոջ դի կա։ Ավելի ուշ Նոր Խարբերդի 20–րդ փողոցի 18–րդ տուն էին ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։
Օպերատիվ–քննչական խումբը նշված տան հյուրասենյակում հայտնաբերել էր 50-ամյա Մարգարիտ Հովհաննիսյանի դին, որի վրա դատաբժշկի նախնական եզրակացությամբ եղել էր սուր կտրած–ծակած հարվածի 20–ից ավելի հետք` որովայնի, կրծքավանդակի, ձեռքերի և դեմքի հատվածներում։
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Մինաս Հակոբյանի գլխավորությամբ։
Քննչ խումբը նշված տան նկուղային հարկում հայտնաբերել էր լուցկու հատիկներից սարքված 34 կիսակառույց բուրգեր, բանտի մահճակալի նմանությամբ սարքած մահճակալ, ինչպես նաև զառեր, թղթախաղի թղթեր և կենդանու ատամներ։ Այդտեղ հայտնաբերվել էր նաև չհրկիզվող մի պահարան, որը միացված է եղել էլեկտրականությանը։
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել էին նաև, որ սպանվածի եղբայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ և որոշ ժամանակ առաջ բուժում է ստացել հոգեբուժական կենտրոններից մեկում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի