newsline.am-ը գրում է.
Ապրիլի 26-ին Ազգային ժողովի քառօրյային ԱԺ մեծամասնությունը չկարողացավ քվորում ապահովել և անցկացնել Միկա Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին առաջարկվող օրենքի նախագիծը: Քվեարկության չմասնակցեցին ընդդիմադիրները, ինչպես նաև որոշ գործարարներ: Միակ «դեմ» քվեարկողը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն էր:
Ինչո՞ւ «դեմ» քվեարկեցիք հարցին պատգամավորը պատասխանեց. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի բերողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»:
Հարցին, իսկ ինչո՞ւ չէիք խոսում այս հարցերի շուրջ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Երբ խոսում ես, երբեմն թիմին ես վնասում, իսկ թիմին վնասել երբեք չեմ ցանկացել: Հաճախ շատ ավելի արդյունավետ է ուղղակի օգնել, հուշել: Իսկ բարձրաձայնել այն դեպքերում, երբ արդյունքը նկատելի չէ: Կարծում եմ՝ սա նախադեպ կլինի, որպեսզի վերջապես զսպվեն ոմանց անհագ ախորժակները»: